ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը:
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրսբերումը:
«Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների և պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»,- ասել է Քոչարյանը:
Ինչպես ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից են հայտնում, Քոչարյանը նկատել է, որ «Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ-Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-