Թուրքիայում քաղաքական իշխանությունների և բանակի միջև բազմամյա պայքարը հեղաշրջման կհանգեցնի, որի արդյունքում իշխանության կգա բանակը, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Սահմանադրական իրավունք» միության կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Թուրքիայում իշխանության կգան այն ուժերը, որոնք երկրի քաղաքականությունը ամերիկամետ հուն կվերադարձնեն, դեպի Աթաթուրքի գաղափարախոսություն՝ եվրոպական զարգացման ճանապարհ քարոզող և պանթուրքիզմ ու պանիսլամիզմ բացառող»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Ըստ նրա, նոր ուժերը կբացեն Հայաստանի հետ սահմանը և ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
«Թուրքիայի ճնշման տակ Ադրբեջանը կհրաժարվի հակամարտությունը պատերազմական ճանապարհով լուծելու մտադրությունից և Հայաստանի հետ ինչ-որ միջակա փաստաթուղթ կստորագրի: Եվ երկար տարիների ընթացքում հակամարտությունը կսառեցվի, քանի որ ղարաբաղյան հարցը հնարավոր չէ լուծել»,- ընդգծեց Բաբուխանյանը:
Կուսակցության առաջնորդն ավելացրեց, որ հարավկովկասյան տարածաշրջանում նման դասավորություն հաստատելուց հետո Հայաստանի, Վրաստանի (ըստ նրա, որտեղ նույնպես իշխանությունը կփոխվի), Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության ժամանակահատված կսկսվի, երկու երկրների միջև կսկսի գործել երկաթուղին:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-