Երևանի շոգը կարող է ինչպես արևային այրվածքների, այնպես էլ թթվածային քաղցի և մաշկի քաղցկեղի հանգեցնել, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային գերատեսչության մասնագետ Լիանա Թորոսյանը:
«Նման հիվանդություններն առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության հետևանքով, որոնք օրվա ընթացքում ժամը 12.00-ից մինչև 19.00-ն ակտիվորեն ազդում են մարդու վրա ու նաև ալերգիայի առաջացման են հանգեցնում»,- նշեց Թորոսյանը:
Ըստ նրա՝ շոգի դեմ կարելի է պայքարել տարբեր միջոցներով:
«Մայրաքաղաքի բնակիչներին կարելի է խորհուրդ տալ ամեն օր 3 լիտրից ոչ պակաս ջուր կամ 4 բաժակ կանաչ թեյ օգտագործել: Կոֆեին պարունակող խմիչքներ խորհուրդ չի տրվում օգտագործել»,- ասաց Թորոսյանը:
Ինչպես նշում է գլխավոր մասնագետը, թունավորումներից խուսափելու համար պետք է մթերքը սառը վայրերում պահել և չսնվել այն մթերքով, որոնք վաճառվում են փողոցներում` ոչ ճիշտ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում, մասնավորապես, դա վերաբերվում է փափուկ պաղպաղակին և մրգահյութերին:
«Այն մարդիկ, ովքեր միշտ աշխատում են փակ օֆիսներում, պետք է մշտապես օդափոխեն հաստատությունը և չմոռանան, որ օդորակչի ճիշտ օգտագործումը չի վնասի առողջությանը»,- նշեց Թորոսյանը: -0-