ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել տնտեսության վարկավորման նպատակով ռուսական կայունացնող վարկի միջոցներից 5 միլիարդ դրամ (13,6 միլիոն դոլար) տրամադրել:
««Հայաստանի տնտեսության վարկավորման ծրագրի» շրջանակներում հակաճգնաժամային քաղաքականության համաձայն` շուրջ 95 միլիարդ դրամ (ավելի քան 257 միլիոն դոլար) տրամադրվել է տնտեսության վարկավորմանը: Բոլոր միջոցներն ամբողջովին տեղաբաշխվել են և արդյունավետության բավականին բարձր մակարդակ ունեն», - հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքերով` տնտեսության մեջ վարկային ռեսուրսների լրացուցիչ պահանջարկ է ձևավորվել, որոնք կավելացվեն 5 միլիարդ դրամով ՀՀ կառավարությանն առընթեր Կայունացնող հիմնադրամի միջոցների հաշվին և ՀՀ ԿԲ-ի միջոցով կտրամադրվեն տնտեսության վարկավորմանն ու խթանմանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ տնտեսության վարկավորման ծրագրի նպատակն է խթանել Հայաստանից իրականացվող արտահանումը, զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես նաև ֆինանսավորել ներկրումը փոխարինող գործունեությունը:
«Այս ծրագիրը բավականին հաջող էր, և արդյունքն ակնհայտ է, քանի որ երկրում 8,8 տոկոսանոց տնտեսական աճ է գրանցվել, որը պայմանավորված է այդ լրացուցիչ խթաններով», - ասաց նա:
Ռուսական կայունացնող վարկի մի մասն ուղղվում է աղետի գոտում աշխատանքների վերականգնմանը, մյուս մասը` տնտեսության վարկավորմանը` հիմնականում ԿԲ-ի և Փոքր և միջին բիզնեսի զարգացման աջակցության ազգային կենտրոնի, ինչպես նաև համակարգաստեղծ ձեռնարկություններին ուղղակի վարկերի տրամադրման միջոցով:-0-