Հայաստանի յուրաքանչյուր բուհի համար նախատեսվում է իրականացնել նաև նպատակային, թիրախային գործողություններ, հայտնեց հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Ընդհանուր հակակոռուպցիոն ռազմավարությունից զատ, նպատակ ունենք իրականացնել նաև նպատակային, թիրախային գործողություններ` յուրաքանչյուր բուհի համար, ինչպես կոռուպցիոն մարտահրավերների նվազման, այնպես էլ կոնկրետ բուհերում կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով»,- ասաց նախարարը նախօրեին Հայաստանում ճանաչողական այցով գտնվող բելգիական ուսանողական կազմակերպության անդամ-ուսանողների հետ հանդիպման ընթացքում։
Աշոտյանը նշեց, որ բուհերի փորձնական ծրագրերն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ (USAID)։
Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, նախատեսվում է նաև ակտիվացնել երիտասարդական կազմակերպությունների և ուսանողական խորհուրդների գործունեությունը:
Հայաստանում ներկայում գործում է 17 պետական և 55 ոչ պետական բուհ, ինչպես նաև երեք համալսարան միջպետական պայմանագրերի շրջանակներում և օտարերկրյա բուհերի ութ մասնաճյուղ։ -0-