ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դասեր չքաղելով իրական պատմությունից՝ Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով և ավանտյուրաներով, հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի և ղեկավարության հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները:
«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը ս.թ. հունիսի 18-ի լույս 19 –ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը»,- Բալայանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում վերաձեւել պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը»,- նշում է Բալայանը:
Նրա խոսքով՝ «չնայած Բաքվի հուսահատ ճիգերին պրահյան գործընթացը` դա պրահյան է, այլ ոչ թե բաքվի, մադրիդյան առաջարկությունները, դրանք մադրիդյան են` ոչ թե բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան` Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ»:
Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականությունը, հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների և սպառնալիքների վրա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-