«Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի հաղթող-ֆիլմը կմասնակցի «Encounters» բրիտանական կինոփառատոնին, ասաց Հայաստանում Բրիտանական Խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի ընթացքում կներկայացվի ավելի քան 100 կինոնկար՝ աշխարհի 62 երկրից։
«Մենք հատուկ մրցանակ ենք հատկացրել «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի հաղթողի համար: Հաղթող կինոնկարի ռեժիսորը կմեկնի Բրիտանիա՝ «Encounters» կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնին»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը:
Նա ավելացրեց, որ Բրիտանական Խորհուրդը «Ոսկե ծիրան» փառատոնի ոչ մրցակցային ծրագրում կներկայացնի «Նա՝ չինուհին» լիամետրաժ բրիտանական կինոնկարը և վեց վավերագրական՝ «Փախուստի մեջ Աբդուլի հետ», «Ես շնչում եմ», «Ընդմիշտ հեռանալով», «Լվացքի օրերը», «Սուրբ Ծնունդը հայրիկի հետ» և «Քեզ ավելի շատ եմ սիրում» ֆիլմերը:
Արդեն 16 տարի է՝ «Encounters» կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնն անցկացվում է Բրիստոլ քաղաքում ՝ համարվելով իր ձևաչափում առավել հեղինակավորներից մեկը: Այս տարի փառատոնը կանցկացվի նոյեմբերի 16-21-ը: -0-