Լեռնային Ղարաբաղի պատմական պատկանելության մասին հայտարարություններ անելուց առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուսումնասիրի Հռոմեական ֆորումի պատերին քանդակված հին աշխարհի քարտեզը, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով` Արցախյան հակամարտության վերաբերյալ Ալիևի սուտն առավել քան բացահայտ է դառնում, երբ նա նշում է, որ հայերը Արցախ են եկել 19-րդ դարասկզբին:
«Չցանկանալով հղում անել ոչ միայն հայ, այլ նաև աշխարհահռչակ օտարազգի պատմիչներին՝ ձախողված և անգրագետ դիվանագետին ընդամենը խորհուրդ կտայի Հռոմ այցելելիս նեղություն կրել և դիտել Ֆորումի պատին քանդակված հին աշխարհի քարտեզը, որտեղ «Արմենիա» երկրի սահմաններում նշված է նաև պատմական Արցախը», - ասաց Շարմազանովը` մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի շուրջ Ալիևի այսօր արած հայտարարությունը:
Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կենտրոնակայանի նոր շենքի շահագործման հանձնման արարողության ժամանակ հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ադրբեջանական մեկնաբանությամբ:
«Հեքիաթասաց» Ալիևին հիշեցնեմ, որ իր հայրենի Ադրբեջանը որպես պետություն ձևավորվել է դրանից մոտ 2 հազարամյակ անց»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Շարմազանովի հայտարարության մեջ:
Խմբակցության քարտուղարի խոսքերով` այս ամենից հետո կարիք չկա լուրջ ընդունել կամ որևէ կերպ հակադարձել Ալիևին:
«Մի քանի էջանոց ձանձրացնող ելույթից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու և սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր նոմինացիա կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Միայն թե Ալիև սուլթանի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք անփառունակ են, ինչպես իր նախորդների հայտարարությունները», - նշել է Շարմազանովը:
Նրա խոսքերով` «ինքն իր հետ բանակցած Ալիև փոքրիկը» չի ցանկանում ի վերջո հասկանալ, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներում հստակ նշված է, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը:
ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը»: Այս սկզբունքների թվում նշված են նաև Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը «նրա բնակչության կամարտահայտության միջոցով, որը պարտադիր իրավական ուժ ունի»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-