Հայաստանի Ազգային կինոկենտրոնի www.ncca.am նոր կայքի և լոգոտիպի շնորհանդեսն է կայացել երեքշաբթի Երևանում։
«Մենք երկար ենք սպասել այս օրվան, քանի որ ազգային կինոկենտրոնն արդեն ավելի քան չորս տարի գործում է, բայց մինչև հիմա մենք մեր կայքն ու լոգոտիպը չենք ունեցել։ Մենք բավականին երկար ենք աշխատել, քանի որ անպատճառ ցանկանում էինք որակյալ կայք և լոգոտիպ ստեղծել»,- երեքշաբթի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Նա նշեց, որ կինոկենտրոնի նոր կայքի ուղղությամբ տարվող աշխատանքների ժամանակ շուրջ 2 հազար լոգոտիպ և զանազան ընկերությունների կայքեր է ուսումնասիրել։
Ըստ կինոկենտրոնի տնօրենի՝ նոր կայքը կինոգործիչների, լրագրողների և ողջ աշխարհի կինոսիրողների համար հայկական կինոարտադրությունն ուսումնասիրելու հիանալի հնարավորություն կդառնա։
«Այսօրվա դրությամբ կայքը գործում է հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ մոտավորապես մեկ շաբաթից կհայտնվի նաև անգլերեն տարբերակը»,- ասաց Գևորգյանը։
Կինոկենտրոնի տնօրենն ընդգծեց, որ կայքը բաղկացած է 1924թ.-ից մինչև մեր օրերի հայկական ֆիլմերի կինոկատալոգներից, և նրա շնորհիվ կարելի է տեղեկություն ստանալ ինչպես ֆիլմի ստեղծման պատմության, այնպես էլ ֆինանսավորման աղբյուրների մասին։
Ինչ վերաբերում է լոգոտիպին, ըստ Գևորգյանի՝ կինոկենտրոնն անմիջապես հրաժարվել է «ծանր» լոգոտիպերից և արձանների կամ պատմամշակութային հուշարձանների տեսքով խորհրդանիշներից, և լոգոտիպ է դարձել Արարատ լեռը հիշեցնող եռանկյունը։
Կայքի դիզայները Շավարշ Խաչատրյանն է, լոգոտիպի գաղափարը Աշոտ ՀամբարձումյանինՆ Է, իսկ իրականացումը՝ Անդրանիկ Թադևոսյանինը։
«Հայաստանի Ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ, գործում է 2006թ.-ից և համարվում է 1923թ.-ին ստեղծվաած Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը։ -0-