Շախմատը կօգնի Հայաստանին աշխարհի առջև որպես հզոր ինտելեկտուալ կայսրություն ներկայանալ, Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց Գրանդ-պրիի 4-րդ փուլի փակման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Վստահ եմ, որ այս շախմատային միջոցառումը կնպաստի Հայաստանում այդ ինտելեկտուալ խաղի զարգացմանը, և շախմատը Հայաստանն աշխարհին կներկայացնի որպես հզոր ինտելեկտուալ կայսրություն»,- ասաց վարչապետը։
Նա կարևորել է Ջերմուկը շախմատի համաշխարհային կենտրոններից մեկը դարձնելը՝ նշելով, որ այս օրերին ողջ աշխարհի շախմատի սիրահարներն ուշադիր հետևել են Ջերմուկում աշխարհի լավագույն շախմատիստուհիների պայքարին։
Հունիսի 23-ից մինչև հուլիսի 5-ը Ջերմուկում անցել է ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլը։ Անցյալ տարի Ջերմուկում անցկացվել է ՖԻԴԵ-ի տղամարդկանց Գրան-պրիի փուլը։
Ջեևմուկում հաղթանակ է տարել վրացի շախմատիստուհի Նանի Ձագնիձեն։
Մրցախաղի արդյունքները. Ձագնիձե՝ 9 միավոր, Կոսինցևա՝ 7,5, Մկրտչյան, Դանիելյան, Ստեֆանովա՝ 6,5-ական, Խոու Իֆան՝ 6, Շեն Յան, Կրամլինգ՝ 5,5-ական, Չիբուրդանիձե՝ 4,5, Սույ Յույխուա՝ 4, Կովանովա՝ 3, Ֆիեռո՝ 1,5։ -0-