Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին և այսուհետ ևս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ողջունելով Պիեռ Բայեի առաջին այցը Հայաստան` Նալբանդյանը նշեց, որ նա նոր լիցք կհաղորդի Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և Հայաստանի միջև համագործակցությանը:
«Կողմերը հանգամանալից զրուցեցին Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրերի մասին, մասնավորապես մայրաքաղաքի ֆրանսերեն թեքումով դպրոցներում իրականացվող նախագծերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին Բայեն ասաց, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր:
Նիգերիայի մայրաքաղաքում 1970թ.-ի մարտի 20-ին ստեղծված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ 56 պետություն և անդամ կառավարություններ, 14 դիտորդ երկրներ է համախմբում, որոնց բնակչությունը գերազանցում է 800 մլնը։
Կազմակերպությունը ներկայացվել է բոլոր հինգ մայրցամաքներում, նրա մեջ մտնում է ՄԱԿ անդամ երկրների մեկ երրորդը։ Կազմակերպության նպատակն է ֆրանսերեն լեզվի տարածումը և մշակութային տարատեսակության պաշտպանումը։ -0-