Հանգստյան օրերին Սևանում ՀՀ երեք քաղաքացի խեղդվել

06.07.2010, 14:05
Հանգստյան օրերին Սևանում ՀՀ երեք քաղաքացի խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երեք քաղաքացիներ են խեղդվել Սևանա լճում նախորդ երեք օրերի ընթացքում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։

Հուլիսի 3-ի երեկոյան Սևան քաղաքի ոստիկանության բաժնից ստացված տեղեկության համաձայն, «Մալիբու» լողափում քաղաքացի է խեղդվել:

Հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Սարգսյանի դին:

Հուլիսի 5-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Շորժա գյուղին հարակից լողափում կա ջրահեղձված քաղաքացի, և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ջրափրկարարների կողմից լճից դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ալիկ Խաչատրյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին:

Նույն օրը ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Իշխան» լողափում կա ջրահեղձված քաղաքացի, և անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Մինչ ջրափրկարարների` կանչի վայր հասնելը, քաղաքացիների կողմից լճից դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Իգոր Աբրահամյանի դին և հանձնվել շտապօգնության բրիգադին:

Բացի այդ, հուլիսի 3-ի երեկոյան Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից Սեւանի «Մալիբու» լողափում, լողանշանի հարևանությամբ, ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ազիզյանը:

 

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տեղափոխվել  է Սևան քաղաքի հիվանդանոց:

 

Ըստ բժիշկների, տուժածի վիճակը գնահատվում է բավարար: -0-