ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հովհաննես Ծործորեցու «Մեկնություն Մատթեոսի Ավետարանի» աշխատությունը: Երկհատոր աշխատության թարգմանությունը գրաբարից իրականացրել և ծանոթագրել է Սեդա Ստամբոլցյանը:
Մատթեոսի Ավետարանի ներկա մեկնությունը գրվել է Հովհաննես վարդապետ Ծործորեցու կողմից 1316թ.-ին որպես շարունակություն Սբ. Ներսես Շնորհալու Մատթեոսի Ավետարանի մեկնության, որ ընդհատվել էր Ե 17 համարով: Սա հայոց միջնադարում ստեղծված հավանաբար ամենածավալուն ու մանրակրկիտ մեկնությունն է, որ կատարվել է համաքրիստոնեական եւ հայ հայրերի մեկնությունների հիման վրա:
Հրատարակչական բաժինը հրատարակել է նաեւ Սբ. Եփրեմ Ասորու «Ճառընտիրը», որն ընդգրկում է Սբ. Եփրեմի ճառերի ընտրանին` «Կցուրդ Ս. Եփրեմի Ասորւոյ» (Ն. Ակինեան, Վիեննա, 1957) և «Սրբոյն Եփրեմի Մատենագրութիւնք, հատոր 4, Ճառք և աղօթք» (Վենետիկ, Սբ. Ղազար, 1836) հրատարակություններից: Գրաբարից թարգմանությունն իրականացրել է Մարթա Արաբյանը:
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, երկու աշխատություններն էլ հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:-0-