ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների կողմից արված վերջին հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:
Ըստ նրա, նախագահների հայտարարության անգլիական տարբերակը փաստորեն կրկնում է Մադրիդյան սկզբունքները, որոնցում հայկական կողմի համար բազմաթիվ անընդունելի սկզբունքներ կան։ «Մենք վաղուց ենք հանդես գալիս Մադրիդյան սկզբունքների դեմ, դրանք բոլորովին անընդունելի ենք համարում, և այդ փաստաթուղթը հաստատում է մեր լրջագույն կասկածները»,- ասաց Հովհաննիսյանը։
Մասնավորապես, նա նշեց «expression of will» արտահայտությունը, որը նշանակում է «կամարտահայտում», բայց չի հստակեցնում, թե կոնկրետ ում կամարտահայտումը, միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությա՞ն, թե՞ ողջ Ադրբեջանի։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ նախագահների վերջին հայտարարության անգլիական տարբերակում օգտագործվում է «occupied territories» տերմինը, մինչդեռ Ակվիլայի փաստաթղթում դրանք նշված են որպես «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ»։
Նա նշեց նաև, որ նախագահների հայտարարության ռուսական տարբերակն էապես տարբերվում է անգլիականից, և դա արված է հասարակությանը հանգստացնելու համար։ «Հասարակությանը հանգստացնելուն ուղղված թարգմանական բոլոր հնարքները ես «ժուլիկություն» կանվանեի»,- ասաց նա։
Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ նախագահների հայտարարությունը հայկական կողմի համար տարածքների հետ կապված լուրջ զիջումներ է նախատեսում։ «Մարտակերտի վերջին միջադեպը ցույց տվեց, որ եթե չլիներ Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին, ապա ադրբեջանական բանակի թիրախ կդառնաին հայկական գյուղերը, և դա կհանգեցներ խաղաղ բնակչության զոհերի»,- ասաց Հովհաննիսյանը։
Պատգամավորն ավելացրեց, որ անընդունելի է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջանկյալ կարգավիճակը, որը հիշատակվել է երեք նախագահների հայտարարությունում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-