Հայաստանը պետք է լրջորեն նախապատրաստվի իրանական խնդրի ցանկացած զարգացման, քանի որ Իրանը մեր անմիջական հարևանն է, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։
Հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմ է քվեարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, քանի որ Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: Փաստաթղթին աջակցել են ԱԽ 12 անդամներ, Թուրքիան և Բրազիլիան դեմ են քվեարկել, Լիբանանը ձեռնպահ է մնացել։ Սա Իրանի միջուկային ծրագրին վերաբերող միջազգային պահանջները Թեհրանի կողմից չկատարելու կապակցությամբ ԱԽ-ի կողմից ընդունած թվով չորրորդ բանաձևն է:
«Եթե գրոհ իրականացվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, աղետը սահմաններ չի ճանաչի։ Իսկ Հայաստանին՝ որպես Իրանի հարևանի, այդ հարցը պետք է մտահոգի առաջին հերթին»,- ընդգծեց փորձագետը։
Գիրագոսյանի կարծիքով, Երևանը պետք է գրավի միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ իրանական խնդիրն անմիջականորեն անդրադառնում է Հայաստանին, և հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ այս հարցում։ -0-