ԱՌՀՀԿ ղեկավարը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի ծագած պատերազմի հնարավորությունը

29.06.2010, 14:01
ԱՌՀՀԿ ղեկավարը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի ծագած պատերազմի հնարավորությունը
ԱՌՀՀԿ ղեկավարը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի ծագած պատերազմի հնարավորությունը

Քիչ հավանական է, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով պատերազմ հայտարարի Հայաստանին, սակայն հնարավոր է հանկարծակի պատերազմը, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

«Ես կարծում եմ, որ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Ղարաբաղի վրա ադրբեջանական կողմից գործած հարձակմանը նման միջադեպերը հաճախակի կդառնան ամռան ընթացքում։ Եվ նման հերթական միջադեպի ընթացքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և լայնածավալ բնույթ ընդունել»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներթափանցել զինված դիվերսիոն խումբ: Ծավալված մարտի արդյունքում հակառակորդը փախուստի է դիմել: Կան զոհեր և վիրավորներ: Զոհվել են չորս հայ զինվորներ, ևս չորսը վիրավորվել են: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում է թողել մեկ զոհ:

 «Ադրբեջանական բանակը հայկականից թույլ է, բայց անկանխատեսելի է։ Դա բոլորովին այլ մարտահրավեր է, քան եթե այն ուժեղ, բայց պակաս վտանգավոր լիներ»,- ընդգծեց փորձագետը։

Գիրագոսյանի կարծիքով, հայկական կողմը պետք է պատրաստ լինի նման սցենարների, բանակի արդիականացմանն ուղղված պաշտպանական բարեփոխումներ իրագործի։

«Մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ հարձակումն առաջին հերթին  վնաս կհասցնի նրան»,- ավելացրեց ԱՌՀՀԿ ղեկավարը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-