Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը մշակութային ցեղասպանություն անվանեց Ադրբեջանում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը։
«Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով արվում է հնարավոր ամեն ինչ՝ դարեր շարունակ հայերով բնակեցված տարածքների հնագույն վկայությունների ոչնչացման համար։ Սա ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն»,- երկուշաբթի հայտարարեց Աբրահամյանը՝ հանդես գալով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի ընթացքում։
Նա նշեց, որ հայկական հուշարձանների ոչնչացման վկայություն է Նախիջևանի Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը։
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի բարբարոսական քայլերը, որոնք ուղղված են ոչ միայն հայկական, այլ նաև քրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացմանը»,- ընդգծեց նա։
Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում Հին Չուխայի հնագույն հայկական գերեզմանոցն ավերվել է 1998-2005 թվականներին և այլևս գոյություն չունի։ Տվյալ տարածքը վերածվել է ադրբեջանական ռազմական հրաձգարանի։
Աբրահամյանը նշեց նաև, որ Հայաստանը կարևորում է մշակութային արժեքների պահպանումը, հատկապես այնպիսիների, որոնք իսկապես համաշխարհային նշանակություն ունեն։
«Մշակութային բազմազանությունը և հուշարձանների պահպանությունը հատկապես կարևոր են այն ժողովուրդների համար, ում պատմական հուշարձանները գտնվում են աշխարհով մեկ՝ նրանց ներկայիս պետական սահմաններից դուրս»,- ասաց Աբրահամյանը։
Միաժամանակ խոսնակն ընդգծեց, որ եթե Իրանում քրիստոնեական հուշարձանները պետական խնամակալության տակ են գտնվում, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մյուս հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի մասին։
«Ողբերգական է, որ այդ երկրներում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները՝ չնայած Հայաստանից և միջազգային զանազան ամբիոններից հնչող մշտական ազդանշանների»,- ասաց Աբրահամյանը։
Հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է 1998 թ.-ին, սակայն համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին և 2005թ. դեկտեմբերին:
Բարբարոսական գործողությունների արդյունքում բազմաթիվ խաչքարեր թաղվեցին հողի տակ, մյուսները ավերվեցին և նետվեցին Արաքս գետը։Հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը բուլդոզերներով հարթեցվել է, լիովին ոչնչացվել է 3500 խաչքար այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։
Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է, որը գտնվում էր Հայկական առաջին հանրապետության կազմում 1918-1920 թվականներին։ Խորհրդային ժամանակաշրջանում Նախիջևանը առանձնացվել է Հայաստանից և փոխանցվել Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ շրջանի հայկական բնակչությունը արտաքսվել է Ադրբեջանից խտրականության և տնտեսական ճնշման քաղաքականության պատճառով։ -0-