Թուրքիան, տապալելով հայ-թուրքական բանակցային գործընթացը, փաստորեն դուրս է մղված տարածաշրջանից, ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեր Սաֆրաստյանը:
Վերջին երկու տարվա ընթացքում որոշակի առաջընթաց էր նկատվում հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հարցում, որի նախաձեռնողն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախաձեռնության շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունն» ու «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:
Սակայն Թուրքիան տարբեր առիթներով պարբերաբար ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչը պատճառ հանդիսացավ ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը կասեցնելու համար:
«Այժմ Թուրքիան պահպանում է իր դիրքերը տարածաշրջանում միայն կապված Ադրբեջանի հետ, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր տեղը գտնելու Թուրքիայի բոլոր ջանքերն ապարդյուն էին», - ասաց Սաֆրաստյանը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-