Աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 հայ գրողներ կմասնակցեն «Հայ գրականությունը՝ հայոց միջնաբերդ» գրական քննարկմանը, որը կանցկացվի Հայաստանում հունիսի 28-ից հուլիսի 2-ը, տեղեկացրեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքերով, ֆորումը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի հայ գրականության Օրերի շրջանակներում՝ Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության միջև ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն:
«Մեզ համար կարևորն այն է, որ մեծ ակտիվություն է նկատվում Հայաստան ժամանող հայ գրողների կողմից ֆորումին մասնակցելու վերաբերյալ: Եթե նախորդ տարիներին մասնակիցների թիվը կազմում էր 30-50 գրող, ապա ներկայում այն հասնում է 100-ի: Սա նշանակում է, որ մեր մասնակիցների թիվը կրկնապատկվել է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը նշեց, որ ֆորումի բացումն ու նիստերը կանցկացվեն Հայաստանի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, սակայն ֆորումի շրջանակներում նախատեսված են նաև մարզերում անցկացվելիք միջոցառումներ, մասնավորապես հայ գրող Հովհաննես Շիրազի 95-ամյա հոբելյանը Գյումրի քաղաքում, ինչպես նաև գրողների այցերը զորամասեր:
Այս կապակցությամբ Հակոբյանն ավելացրեց, որ վերջին ժամանակներում նկատվում է Հայաստանի գրականության և սփյուռքի միավորման միտում՝ օրինակ բերելով «Հայաստանի և սփյուռքի ժամանակակից քնարերգությունը» երկհատորյակի լույսընծայումը:
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր հերթին նշեց, որ ֆորումում գրողները կքննարկեն չորս հիմնական թեմաներ՝ հայ ժամանակակից գրականության զարգացման վերջին միտումները, հայկական գրականության առանձնահատկությունները համաշխարհային գրականության համատեքստում, հայ գրականության հասանելիությունը օտար լեզուների թարգմանությամբ և սփյուռքի ու Հայաստանի գրական մամուլի քննարկումը:
Անանյանը գոհունակություն հայտնեց նաև հայ գրողների թվի ավելացման կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ եթե Հայաստանում հայալեզու գրողների թիվն ավելացել է, ապա սփյուռքում, հակառակը, «հայալեզու գրողը ծերանում է, և ասպարեզ են դուրս գալիս այլալեզու հայ գրողներ»: