Եվրամիությունը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել զինադադարի պայմանները

23.06.2010, 17:17
Եվրամիությունը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել զինադադարի պայմանները
Եվրամիությունը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել զինադադարի պայմանները

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը: Հայտարարության մեջ նա կոչ է անում հակամարտության կողմերին հարգել զինադադարի պայմանները։

Հունիսի 18-ին ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը վիրավորվել են։ Ադրբեջանական  ջոկատայինները կրելով կորուստներ՝ դիմել են փախուստի:

«Ես ցավակցություն եմ հայտնում հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության շփման գոտում տեղի ունեցած ռազմական միջադեպի առնչությամբ, որի արդյունքում մարդկային կորուստներ են արձանագրվել»,- ասվում  է Հայաստանում Եվրամիության պատվիրակության տեղեկատվական կենտրոնի հայտարարության մեջ, որը ստացել է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։

Էշտոնը կոչ է անում կողմերին հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենք օգտագործելուց կամ ցանկացած սպառնալիքից, և շարունակել ջանքերը, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«ԵՄ-ն կրկին հաստատում է իր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և երեք համանախագահների աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-