Հարավային Կովկասը պետք է էներգետիկ հանգույցի վերածվի. Հայաստանի նախագահ

23.06.2010, 14:39
Հարավային Կովկասը պետք է էներգետիկ հանգույցի վերածվի. Հայաստանի նախագահ
Հարավային Կովկասը պետք է էներգետիկ հանգույցի վերածվի. Հայաստանի նախագահ

Հարավային Կովկասի տարածաշրջանը էներգակիրների աղբյուրից պետք է վերածվի  էներգետիկ հանգույցի, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Տարածաշրջանը պետք է դարձնել հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող տրանսպորտային հանգույց»,- նախօրեին «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամում «Հայաստան. հանուն անվտանգ և բարգավաճող Հարավային Կովկասի» թեմայով ելույթի ժամանակ ասաց  նախագահը։

Սարգսյանն ընդգծել է ծրագրերի ուղղվածության բազմազանեցման  անհրաժեշտությունը: «Միայն արևելքից արևմուտք ձգվող նավթամուղներն ու գազամուղները, հաղորդակցության ուղիները չեն կարող ապահովել կայունություն, անվտանգություն և բարգավաճում տարածաշրջանում»,- հայտարարեց նա։

Այդ համատեքստում Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է  Հարավային Կովկասի էլեկտրաէներգիայի կարևոր մատակարարը դառնալ։

«Վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք մի քանի խոշոր ծրագրեր:

Էական զարգացումներ ունենք էներգետիկայի ոլորտում: Ավարտելով նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը և շարունակելով հնի շահագործումը` մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում ԱԷԿ-ի նոր, առավել հզոր բլոկի կառուցմանը»,- ասաց պետության ղեկավարը։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ: Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0--