ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը նախօրեին իրականացրել է Երևան-Բարսելոնա-Երևան իր առաջին չվերթը:
Շնորհանդեսի ժամանակ «Արմավիա»-ի գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը նշեց տվյալ չվերթը հենց ամռանը բացելու կարևորությունը: «Սա հնարավորություն կտա երկու երկրների զբոսաշրջիկներին ճանապարհորդելու և հիանալու ինչպես Բարսելոնայի, այնպես էլ Երևանի տեսարժան վայրերով»,- նրա խոսքերը մեջբերեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Չվերթն իրականացվում է շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր կիրակի՝ առավոտյան 5:25:
Հայաստանի հյուպատոս Մհեր Բադալյանը ողջունել է Հայաստանից Բարսելոնա ժամանած առաջին ուղևորներին:
«Այս չվերթը պետք է շարունակական լինի, քանի որ այն կարևոր է այնտեղ բնակվող հայերի, իսկ նրանք քիչ չեն՝ մոտ 40-45 հազար մարդ: Այն օգտակար կլինի նաև գործարարների համար՝ նպաստելով նաև Իսպանիայի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց հյուպատոսը: -0-