ՀԿԵ-ն հայկական ապրանքանիշ է մշակում
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ծրագրում է նոր հայկական ապրանքանիշ մշակել, «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը։
«Մենք արդեն սկսել ենք վերապրանքանիշավորումը, և կունենանք հայկական ապրանքանիշ»,- ասել է նա։
Շայդուլինն ընդգծել է, որ ՀԿԵ-ն իրեն որպես համազգային տրանսպորտային ընկերություն է դրսևորում։ «Մեր այս առաքելությունն ընդունում են ինչպես ՀՀ նախագահն ու հանրապետության վարչապետը, այնպես էլ ՀԿԵ բաժնետերերը»,- ավելացրել է նա։
Նա ընդգծել է, որ ՀԿԵ-ն սոցիալական ընկերություն է և համագործակցում է Հայաստանի կառավարության հետ տնտեսության զարգացման և քաղաքացիների կենսակերպի մակարդակի բարելավման նպատակով ։
Շայդուլինը նշել է, որ կողմերի միջև տարաձայնություններ չկան, իսկ գոյություն ունեցող հարցերը նորմալ աշխատանքային գործընթացի շրջանակներում են լուծվում։ «Մի կողմը մտադիր է արդյունավետ աշխատանքից եկամուտ ստանալ, իսկ մյուսը բյուջեի եկամուտներն ապահովել»,- հայտնեց նա։ Այդ կապակցությամբ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ՀԿԵ-ն, որպես ընկերություն, գիտակցում է, որ պետության առջև պետք է 100 տոկոսով կատարել իր պարտականությունները։
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--