Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վիճելի հարցերը պետք է բանակցությունների ճանապարհով լուծել. ՀՀ ԱԳՆ

21.06.2010, 14:25
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վիճելի հարցերը պետք է բանակցությունների ճանապարհով լուծել. ՀՀ ԱԳՆ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր վիճելի հարցերը պետք է բանակցությունների ճանապարհով լուծել, «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացմանը և կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերը պետք է բանակցությունների ճանապարհով լուծվեն»,- ասաց Նալբանդյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ Իրանի և միջազգային հանրության հետագա ջանքերի արդյունքում հնարավոր կլինի խնդրի համաձայնեցված լուծման հասնել։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս անմիջական հարևան պետություններից նրանց հետ, որոնց հետ գործընկերությունը բարեկամական համագործակցության բնույթ է կրում։

«Հայաստանին Իրանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններ են կապում։ Մենք իրականացնում ենք բազմաթիվ փոխշահավետ նախագծեր, մասնավորապես, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։ Օրակարգում են նոր տնտեսական նախածգեր»,- ասաց Նալբանդյանը։ -0-