Վերջին մեկուկես տարիների ընթացքում Ադրբեջանը վեց անգամ խախտել է Հայաստանի հետ շփման գծում անցկացվող ԵԱՀԿ դիտարկումը, հայտարարել է Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:
«Ըստ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը լուրջ չի վերաբերվում դիտարկումներին: Անհասկանալի է, թե ու՞մ են նրանք ուղարկում և ի՞նչ իրավասություններով: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք ստիպողաբար են մասնակցում դիտարկումներին»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Մկրտումյանը Վայոց Ձորի մարզի Բարձրունի բնակավայրի մերձակայքում անցկացված դիտարկումից հետո:
Գնդապետի խոսքերով, այդ են վկայում 2009 թվականին Ադրբեջանի ձախողած չորս և 2010-ին ձախողած երկու դիտարկումները: «Հայկական կողմը միշտ նախատեսում է և պատրաստ է անմիջական հանդիպման՝ ունենալով համապատասխան լիազորություններ»,- հայտարարել է Մկրտումյանը: -0-