Ռուսաստանի ջավախահայերը կոչ են անում ՄԱԿ-ին աջակցել Հայաստանին շրջափակումից հանելու գործընթացին

15.06.2010, 20:05
Ռուսաստանի ջավախահայերը կոչ են անում ՄԱԿ-ին աջակցել Հայաստանին շրջափակումից հանելու գործընթացին

Երեքշաբթի Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատում է Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները և կոչ է անում ՄԱԿ-ին և ողջ համաշխարհային հանրությանը աջակցել Հայաստանին շրջափակումից հանելու գործընթացին:

«Մենք քննադատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները և կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, ինչպես նաև ողջ համաշխարհային հանրությանն աջակցություն ցուցաբերել Հայաստանի շրջափակումները հանելու գործին»,- ասվում է հայտարարությունում:

Փաստաթղթի համաձայն, արդեն մի քանի տասնյակ տարի շարունակվող շրջափակման պատճառներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչման անլուծելի հարցն է:

Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի շրջափակումը և արտաքին աշխարհից նրա մեկուսացման վերաբերյալ բոլոր գործողություններն անօրինական են և հակասում են ինչպես միջազգային համաձայնագրերին, այնպես էլ մարդկային բարոյականության նորմաներին:

Բացի այդ, Համաշխարհային առևտրի կազմակերպության կանոնադրությամբ, որի կազմում 2003թ.-ից նաև Հայաստանն է մտնում, արգելված է ցանկացած խտրականություն նրա անդամների հանդեպ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-