Հայաստանում 2012թ.-ին ArmRobotics ռոբոտների բաց առաջնությունում անօդաչու ուղղաթիռներ կներկայացվեն, երկուշաբթի լրագրողներին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«2011թ.-ին կրկին կանցկացվի սակրավոր-ռոբոտի մրցույթը, իսկ լավագույն թիմերը կմասնակցեն 2012թ.-ին Հայաստանում անցկացվող անօդաչու ուղղաթիռների ստեղծման մրցույթին»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ իրենց սպասումներով՝ մյուս տարի սակրավոր-ռոբոտների մշակման մրցույթին կմասնակցի շուրջ 20-30 թիմ:
Այս տարի մրցույթին 18 թիմ է մասնակցել: ArmRobotics ռոբոտների բաց առաջնության շրջանակներում «Սակրավոր ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Երևանում և հաղթող չի եղել:
Ըստ Վարդանյանի, ծրագրվում է, որ մյուս տարի մրցույթը կբարդացվի և մասնակիցներին երկպարուրաձև ուղղաթիռ կտրամադրվի, որը հաջորդ անօդաչու ուղղաթիռի մշակման վերաբերյալ մրցույթի հիմք կհանդիսանա:
Մրցույթի էությունը կայանում է նրանում, որ ուղղաթիռը օդ է բարձրանում առաջադրված որոշակի կոորդինատներով, որոնց հասնելով՝ մնում է հատուկ դաշտի վրա, որտեղից հաջորդ կետի համար այն կոորդինատներ է ստանում: Բոլոր առաջադրված դաշտերն անցնելուց հետո ուղղաթիռը պետք է բազա վերադառնա:
«Մրցույթը շատ բարդ է և լուրջ ինժեներական լուծումներ է պահանջում»,- ասաց Վարդանյանը:
Ըստ նրա, նման մրցույթներն արդեն անցկացվում են Իսրայելում և Իրանում:
Առաջին անգամ ArmRobotics Ռոբոտների բաց առաջնությունը Հայաստանում անցկացվել է 2008թ.-ին: Մրցույթին մասնակցել է 11 թիմ Հայաստանից, Ղարաբաղից և Իրանից, թիմերում ընդգրկված են եղել չորս ուսանող և մեկ ուսուցիչ: -0-