ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների լրագրողների մամուլի ակումբ կստեղծվի Մոսկվայում ընթացիկ տարվա վերջին, Բելառուսական միջազգային հինգերորդ մեդիաֆորումի ընթացքում հայտարարեց ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը։
«Գործընկերություն հանուն ապագայի» մեդիաֆորումն ԱՊՀ, Բալթիայի բոլոր երկրների, ինչպես նաև Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի լրագրողների մասնակցությամբ անցկացվում է Բելառուսի տեղեկատվության նախարարության, Լրագրողների բելառուսական միության և Լրագրողական միությունների միջազգային համադաշնության (Մոսկվա) կողմից՝ ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
«Մինչև այս տարեվերջ Մոսկվայում կբացվի ԱՊՀ մամուլի ակումբ, որը հետխորհրդային տարածքի լրագրողների աշխատանքի բացառիկ հարթակ կդառնա»,- Սմբատյանի խոսքերն մեջբերում է ՀՀՄՀ մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։
Ըստ նրա՝ մամուլի ակումբը կնպաստի «մեր երկրների միջև կապերի զարգացմանը, ԱՊՀ-ում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ըմբռնմանը»։
Հիմնադրամի կողմից իրականացվող այլ նախագծերի թվում են «Լավագույնը մասնագիտությունում» լրագրողական մրցույթը և ԱՊՀ հումանիտար պորտալը, ինչպես նաև «Թվային մեդիա- և միջմշակութային հեռահաղորդակցություն» երկամյա մագիստրոսական դասընթացը, որը կանցկացվի Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
«ԶԼՄ-ների բնագավառում ՀՀՄՀ-ի կողմից իրականացվող բոլոր նախագծերը կոչված են նպաստելու ԱՊՀ-ում տեղեկատվական հոսքերի հումանիտար բաղկացուցիչի զարգացմանն ու հզորացմանը»,- նշել է Սմբատյանը։
Բելառուսական մեդիաֆորումը կավարտի իր աշխատանքն ուրբաթ՝ վերջնական փաստաթղթի ընդունմամբ։ -0-