Հարավային Կովկասում առկա հակամարտությունները ԽՍՀՄ արագ փլուզման հետևանքն են. փորձագետ

10.06.2010, 17:00
Հարավային Կովկասում առկա հակամարտությունները ԽՍՀՄ արագ փլուզման հետևանքն են. փորձագետ

Հարավային Կովկասի հակամարտություններն առաջացել են Խորհրդային Միության արագ փլուզման պատճառով, այդ կարծիքին է քաղաքագետ Վիգեն Չետերյանը:

«Երկրի փլուզումից հետո տարածաշրջանում վակուում առաջացավ, որն անխուսափելիորեն պետք է նոր ուժերով համալրվեր»,- ասաց նա:

Ըստ Չետերյանի՝ տարածաշրջանում առկա ղարաբաղյան, օսեթական, աբխազական, չեչենական հակամարտությունների միջև ընհանուրն այն փաստն է, որ այդ ժողովուրդները պատմական վերք ունեն, ինչպես օրինակ՝ Հայոց ցեղասպանությունը կամ չեչենների տեղահանումը, ինչն ազդել է նրանց հոգեբանության վրա:

«Այս ժողովուրդները հիվանդագին են ընդունում նոր պատմական փուլին անցնելը, չափազանց կտրուկ են արձագանքում փոփոխություններին, մոբիլիզացվում են, այդ պատճառով հաճախ ռազմական հակամարտություններ են առաջանում»,- ասաց փորձագետը:

Նա կարծում է,  որ երբ քաղաքական հակամարտությունները վերածվում են զինված հակամարտությունների, դա նրանց լուծման ճանապարհին լրացուցիչ խնդիրներ է ստեղծում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-