ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Երևանը կարևորում է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության առավել խորացումը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում Նալբանդյանը կարևորեց Կոտայքի մարզի և Միլանի նահանգի միջև փոխգործակցությունը, ինչպես նաև Միլանի և Երևանի միջեւ հնարավոր համագործակցության հաստատումը։
ԱԳՆ ղեկավարը նաև նշեց, որ վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են, ինչն արտահայտվում է նաև պաշտոնական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացմամբ:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Միլանի նահանգային իշխանություններին 2006 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է:
Բրունո Դապեյը իր հերթին ևս կարևորեց հայ-իտալական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչպես նաև բարձր գնահատեց միլանահայ համայնքի արժեքավոր ներդրումը իր ղեկավարած նահանգի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: -0-