Վիկ Դարչինյանը կասկածում է Նոնիտո Դոնեյրի հետ ռևանշ-մենամարտի անցկացմանը
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հայտարարել է, որ արդեն չի հավատում ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի հետ ռևանշ-մենամարտի անցկացման հնարավորությանը։
Առաջին գերթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրը 2007 թ.-ի հուլիսին Վիկ Դարչինյանին առաջին անգամ պարտության մատնեց։
Ուրբաթ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Դարչինյանը տեղեկացրեց, որ սկզբից ծրագրվում էր Դոնեյրի հետ ռևանշ-մենամարտն անցկացնել այս տարվա սեպտեմբերին, և հատուկ դրա համար նա պահպանում էր առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի գոտիները։
Հայ բռնցքամարտիկը նշեց, որ չնայած այդ մենամարտի անցկացման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և նրա թիմն արդեն պայմանագիր էր ստորագրել, սակայն ֆիլիպինցու թիմը սկսեց տարբեր պատճառաբանություններով խուսափել պայմանագրի ստորագրումից և մենամարտի անցկացումից։
«Այս պահին նրանից ոչ մի լուր չկա, և ինձ թվում է, որ դժվար թե մենամարտը կայանա։ Ես արդեն երեք տարի է ընկած եմ նրա հետևից և ոչ մի կերպ չեմ կարողանում մենամարտել», - ասաց Դարչինյանը։
Վախթանգ (Վիկ) Դարչինյանն աշխարհի յոթակի չեմպիոն է, ունի WBC և WBO վարկածներով առաջին գերթեթև քաշային կարգի, նաև IBO գերթեթև քաշային կարգի չեմպիոնի գոտիներ։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը, ում «կատաղի ցուլ» են անվանում, 38 մրցապայքար է անցկացրել և 35 հաղթանակ տարել, այդ թվում 27-ը նոկաուտով, երկու պարտություն է կրել, և ևս մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի։ -0-