ՀՀ նախագահը ներկա չի գտնվել ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին

02.06.2010, 16:51
ՀՀ նախագահը ներկա չի գտնվել ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման պատճառով ներկա չի գտնվել  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Որոշ հայկական ընդդիմադիր թերթեր տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ՀՀ նախագահը, որը իր ռուս գործընկերոջ հրավերով աշխատանքային այցով հունիսի 1-ին ժամանել է Դոնի Ռոստով, իբրև ներկա է գտնվել ՌԴ նախագահի մրցանակի համար ձիարշավին, որտեղ պետությունների ղեկավարներից միայն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նախագահներն են եղել։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Թեև նախատեսված էր, որ նախագահ Սարգսյանն այցելության ընթացքում կհետևի նաև Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն Դմիտրի Մեդվեդևի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան:

Նախագահի մամլո խոսնակի փոխանցմամբ՝ նմանատիպ միջոցառումները հարթակ են դառնում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումների համար։ Սակայն, ինչպես հայտնեց Արմեն Արզումանյանը, «Ռուսաստանի նախագահի առաջարկով ոչ պաշտոնական շփումները փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ, որը տևեց շուրջ մեկ ժամ»:-0-