Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր չեն գրանցվի մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները. փորձագետ
Հայ-թուրքական հարաբերությունների տեղաշարժերի ու առաջընթացի հնարավորությունը բացառվում է մինչև 2011 թ.-ին նախատեսված Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2008 թ.-ի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:
«Այժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում է stand by ռեժիմում, և ես որևէ տեղաշարժերի հեռանկար չեմ տեսնում մինչև թուրքական խորհրդարանական ընտրությունները, չնայած կտրուկ առաջխաղացման հնարավորություն կար գործընթացի սկզբում», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Իսկանդարյանը:
Նրա խոսքերով՝ այժմ Թուրքիայի իշխող կուսակցությունը բոլոր ջանքերով պայքարում է ընտրողների ձայների համար, ինչի մասին վկայում է հարևան երկրից ստացվող տեղեկատվությունը: Որպես Թուրքիայում ակտիվ քաղաքական պայքարի օրինակ քաղաքագետը նշեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի հետ կապված վերջին սկանդալը:
Միաժամանակ Իսկանդարյանը նշեց, որ հայ-թուրքական գործընթացում չի բացառում որոշ «շոուների» հնարավորությունը, ինչը, սակայն, հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժերի չի հանգեցնի:-0-

