Այսօր աշխարհը մոռացել է Լեռնային Ղարաբաղի գոյության մասին, ասել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը։
«Դրանով է պայմանավորված այն իսկապես ագրեսիվ արձագանքը, որը հետևեց Ղարաբաղում կայացած ընտրություններին, ինչպես նաև՝ այն ժխտումը, որը ցուցադրեցին համաշխարհային խոշոր խաղացողները այդ ընտրությունների նկատմամբ։ Նրանց համար Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի», - երեքշաբթի ասել է Զուրաբյանը լրագրողներին։
Մի շարք եվրոպական կազմակերպություններ հայտարարել են, որ չեն ճանաչում մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Զուրաբյանն ակնհայտ է համարում, որ Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է։ «Մենք զգուշացնում էինք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կձախողվի, ինչից հետո միջազգային ճնշումը կկենտրոնանա Ղարաբաղի և Հայաստանի վրա։ Այժմ մենք այդ գործընթացի վկաներն ենք, և Եվրախորհրդարանի աննախադեպ բանաձևը այդ ամենի դրսևորումն է», - ասել է նա։
Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը պետք է ուժերը դուրս բերի «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։
ՀԱԿ-ի համակարգողը պարզաբանել է, որ մինչև 1998 թ.-ը Հայաստանի վարած քաղաքականության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտությունն իրենից Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտություն էր ներկայացնում, և դրա էությունը սեփական ինքնորոշման համար ղարաբաղցի ժողովրդի մղած պայքարն էր։
«Իսկ Հայաստանը, չունենալով ոչ մի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, պատրաստ էր ցանկացած որոշման, որը ձեռնտու կլիներ և Ղարաբաղին, և Ադրբեջանին։ Նման դիրքորոշումը պաշտպանում էր Հայաստանին ցանկացած տեսակի ճնշումից և ադրբեջանական տարածքներն օկուպացման ենթարկելու մեղադրանքներից», - ասել է նա՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունը բավականին բարդ իրավիճակում էր, քանի որ ստիպված էր հաշվի նստել ղարաբաղյան գործոնի հետ։
Իսկ այժմ, Զուրաբյանի խոսքերով, այս հակամարտությունը ընկալվում է որպես հայ-ադրբեջանական միջպետական հակամարտություն։
«Նման իրավիճակը հանգեցրեց նրան, որ միջազգային հանրության մոտ ղարաբաղյան հարցը կընկալվի ոչ թե որպես ինքնորոշման պայքար, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ», - ասել է նա՝ ընդգծելով, որ նման դասավորության դեպքում Ղարաբաղի ստատուս-քվոն կընկալվի որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-