ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կարինե Ղազինյանը կարծում է, որ ԵՄ դիրքորոշումը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ չի փոփվել՝ չնայած Եվրահանձնաժողովի բանաձևին։
Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը պետք է ուժերը դուրս բերի «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։
«Ձևակերպումներում առկա ակնհայտ խառնաշփոթը բացատրվում է նրանով, որ զեկուցողը երբեք չի եղել տարածաշրջանում, բուն Ղարաբաղում և չի խորհրդակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասաց Կարինե Ղազինյանը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում։
Ըստ նրա՝ ԵՄ մոտեցումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ արտահայտվել է 2009 թվականին Աթենքում արված հայտարարության մեջ, և այն համապատասխանում է հայկական դիրքորոշմանը։
«ԵՄ-ի՝ մեր բարձրաստիճան գործընկերների հավաստմամբ, նրանք շարունակում են աշխատանքն այդ ուղղությամբ՝ Աթենքում հնչած հայտարարությանը համապատասխան»,- ասաց Ղազինյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-