Եվրաինտեգրումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը. Սարգսյան

27.05.2010, 19:59
Եվրաինտեգրումը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը. Սարգսյան

Եվրաինտեգրումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, հինգշաբթի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են Արևելյան գործընկերության ծրագրի ընձեռած նոր հնարավորությունների մասին»,- հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցներն ընդգծել են, որ Արևելյան գործընկերության ձևաչափը նաև Կովկասի երկրների միջև համագործակցությունը խթանելու, կայունություն և համերաշխություն հաստատելու արդյունավետ միջոց է»,- նշվում է հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն և ԼՂ  բանակցային գործընթացին առնչվող հարցեր:-0-