ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Բրյուսելում Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախաձեռնությանը վերաբերող հարցերը:
«Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային և նորմատիվային միջոցառումներ», - հինգշաբթի ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը:
Եվրամիության հետ համագործակցությունը ՀՀ նախագահը կարևորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրամիության հետ մերձեցումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Նա կարծիք է հայտնել, որ Արևելյան գործընկերությունն այն դաշտն է, որտեղ կարող են հարաբերություններ զարգանալ ոչ միայն Եվրամիության հետ, այլև ծրագրում ներառված վեց գործընկեր երկրների միջև:
Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիության երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին: ՀՀ նախագահը նշել է, որ տեղաշարժի ազատականացումը զգալիորեն կխրախուսի մարդկային շփումները, ինչն իր հերթին լավ նախադրյալներ կստեղծի տարբեր բնագավառներում իրական գործընկերային հարաբերությունների զարգացման համար:
Զրուցակիցները խոսել են նաև ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության մասին` գոհունակություն հայտնելով նրա արդյունավետ աշխատանքից:-0-