Հանրապետությունում մշակվել է հայկական կինոյի նոր կատալոգը: Թվով երկրորդ կատալոգի շնորհանդեսը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանում:
«Նոր կատալոգում մենք փորձել ենք առավելագույն չափով լրացնել բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնք եղել էին ավելի քան տասը տարի առաջ թողարկված առաջին կատալոգում»,- ասաց նախագծի մշակողներից մեկը, կինոգետ Զավեն Բոյաջյանը:
Ըստ նրա, նոր կատալոգում ճշտվել են կինոների արտադրության բոլոր ժամկետները, կինոնկարի տևողությունը, ինչպես նաև մասնակիցների կազմը:
«Կատալոգը հնարավորություն է տալիս տեսնելու, թե հիմնադրման օրվանից մինչև այսօր ինչ է արվել հայկական կինոյում»,- ասաց կատալոգի գլխավոր խմբագիրներից և նախաձեռնողներից մեկը՝ Միքայել Ստամբոլցյանը:
Նոր կատալոգում ներկայացված է 1924-2008թթ.-ին նկարահանված բոլոր խաղարկային, վավերագրական, ինչպես նաև անիմացիոն հայկական կինոների ցանկը:
Նոր կատալոգի նորամուծությունն, ըստ Ստամբոլցյանի, այն է, որ դրանում նաև տեսաերիզներ են ներառված:
Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆիայի որակի մասին խոսելիս՝ Ստամբոլցյանը նշեց, որ ի տարբերություն քանակի, որը վերջին տարիներին տեմպ է հավաքում հիմնականում տեխնիկական հնարավորությունների հաշվին, հայկական կինոյի որակը զարգացման կարիք ունի:
Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ թողարկվող հայրենական կինոնկարների քանակի աճն անխուսափելիորեն նաև կինոյի որակի աճ կբերի:
Հայկական կինոյի նոր կատալոգի տպաքանակը 500 օրինակ է, որից 250 հայերեն է, իսկ մնացածը՝ անգլերեն:
Նոր կատալոգի առաջին հրատարակումը թողարկվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Բաց հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության, ինչպես նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի աջակցությամբ:
Ըստ կազմակերպչական աշխատանքների ղեկավար, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի, կատալոգի երկրորդ հրատարակումն առավել մեծ տպաքանակով կթողարկվի տարեվերջին: -0-