Եվրամիության դերը ղարաբաղյան կարգավորման գործում պետք է աճի, քանի որ Եվրոպայի համար Ղարաբաղը կենսական կարևորության խնդիր է, կարծում է Սլովակիայի Ազգային խորհրդի պատգամավոր, խորհրդարանի առաջին նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկոն։
«Եվրոպան կարող եմ համեմատել շղթայի հետ, բայց այն կարելի է ամուր համարել այն դեպքում, երբ բոլոր օղակներն են ամուր, և թույլ օղակ չկա, բայց Եվրոպայի համար ներկայումս թույլ օղակը Ղարաբաղն է»,- ասաց նա Երևանում երեքշաբթի լրագրողներին։
Միկլոշկոյի խոսքերով՝ անկասկած, հակամարտությունն ու պատերազմը լուծում չէ։ Բա խորապես համոզված է, որ ողջ տարածաշրջանի լուծումը պետք է լինի գնալ համադաշնության ուղով՝ Բենելյուքսի երկրների մոդելով։
«Բոլորի համար սա ներկայումս հասկանալի համադաշնություն է, բայց շատ տարիներ առաջ երեք խոշոր երկրներ՝ Հոլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, որոնք բարդ հարաբերություններ ունեին, պայմանավորվեցին գնալ ինտեգրաիցայի ճանապարհով»,- ասաց նա։
Միկլոշկոն նշեց, որ ԵՄ-ն ներկայումս կարող է առաջարկել Հայաստանին, Ադրբեջանին և Ղարաբաղին ասոցիատիվ անդամակցություն։ «ԵՄ շրջանակներում այդ երկրները կարող են անցնել բարեփոխման, տնտեսական վերելքի արագ ճանապարհ և կարճ ժամանակ անց պատրաստ լինել ԵՄ անդամակցությանը»,- ասաց նա։
Սլովակիայի խորհրդարանի պատգամավորը կարծում է, որ այդ գաղափարը պետք է հասցնել նաև Ադրբեջանին, որպեսզի նա հասկանա, որ խաղաղ լուծումը կբերի նրանց նյութական, տնտեսական և այլ բարիքներ։
«Հակառակ դեպքում հակամարտության կողմերը մշտապես բռունցք կթափահարեն միմյանց վրա»,- ավելացրեց նա։
Միկլոշկոն կարծում է, որ ԵՄ շրջանակներում պետք է մշտապես խոսել ղարաբաղյան հակամարտության մասին, որպեսզի լուրջ քննարկումներ սկսվեն այդ թեմայով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-