Վերջին զանգի օրը Երևանում երկու շրջանավարտ է տուժել ՃՏՊ-ից. ոստիկանություն

21.05.2010, 14:13
Վերջին զանգի օրը Երևանում երկու շրջանավարտ է տուժել ՃՏՊ-ից. ոստիկանություն

Վերջին զանգի օրը երկու շրջանավարտ է տուժել ճանապարհատրանսպորտային պատահարից, որը տեղի է ունեցել Երևանի հյուսիսում, «Նովոստի-Արմնիա» գործակալությանը հայտնեց ոստիկանության մամուլի քարտուղարի օգնական Արմեն Մալխասյանը:

«Այսօր առավոտյան Թբիլիսյան խճուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: Արդյունքում մեքենայում գտնվող երկու շրջանավարտները՝ աղջիկ և տղա, ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց»,- ասաց Մալխասյանը:

Միաժամանակ նա նշեց, որ մեքենայի ղեկին չափահաս քաղաքացի է եղել, այլ ոչ թե շրջանավարտ:

Նախօրեին Ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը հայտնեց, որ ծառայությունը մայիսի 20-ից անցնում է ծառայության խստացված ռեժիմի՝ Վերջին զանգի օրվա կապակցությամբ:

Նա նշեց, որ ամեն մի դպրոցի մոտ հսկելու են երկու-երեք պահակախմբային ծառայության բրիգադիրներ:

Սարգսյանը նաև կոչ է արել ծնողներին ըմբռնումով մոտենալ և չվստահել ավտոմեքենայի վարումը իրենց անչափահաս շրջանավարտ երեխաներին: –0--