Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նոր փաստաթուղթ գոյություն չունի, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով «Արդարություն և զարգացում» թուրքական իշխող կուսակցության փոխնախագահի հայտարարությունն այն մասին, որ բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է դրված։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
«Նոր փաստաթղթի մասին լուրերը բացարձակ սուտ են, և բնական է, որ սուտը որևէ մեկնաբանության կարիք չունի»,- ուրբաթ ԱԳՆ-ում ճեպազրւոյցի ժամանակ ասաց Նալբանդյանը:
1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-