Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգ կանցկացվի Երևանում

20.05.2010, 16:41
Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգ կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա   համերգ կանցկացվի Երևանում մայիսի 22-ին, տեղեկացնում է «Շարմ-Հոլդինգ» ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ համերգին կմասնակցեն «Կատուներ», «Bambir», «Empiray», «Dogma» ռոք-խմբերն, ինչպես նաև ելույթ կունենան էստրադային կատարողներ Սոնա Շահգելդյանը և Արամեն։ Համերգը կավարտվի դիսկոտեկով DJ Dale-ի մասնակցությամբ։

Համերգը կազմակերպվել է «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից ԵՄ երևանյան ներկայացուցչության աջակցությամբ։

Եվրոմիության ստեղծման ուղղությամբ առաջին քայլն արվել է 1950 թվականի մայիսի 9-ին, երբ Ֆրանսիայի արտգործանախարար Ռոբերտ Շումանը մամուլի ներկայությամբ կոչ արեց Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրների՝ միավորել ածխի և պողպատի արդյունաբերությունները որպես «եվրոպական միության առաջին կոնկրետ հիմք»։ 1985 թվականին Միլանում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայում որոշում ընդունվեց մայիսի 9-ը Եվրոպայի Օր հայտարարելու մասին։ -0-