ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ծնողներին Վերջին զանգի օրը մեքենաներ չվստահել շրջանավարտներին
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին զանգի օրվա կապակցությամբ և կոչ է արել նրանց ծնողներին այդ օրը թույլ չտալ իրենց երեխաներին նստել ղեկին:
Մայիսի 21-ին Վերջին զանգի տոնը այս տարի տոնելու է ավելի քան 50 հազար շրջանավարտ:
Ամեն տարի այդ օրը ճանապարհատրանսպորտային ցավալի պատահարներ են արձանագրվում:
«ՀՀ ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության: Ճանապարհային ոստիկանությունը ծնողներին հորդորում է ավտոմեքենայի ղեկը չտրամադրել անչափահաս երեխաներին` ողբերգական հետևանքներից զերծ մնալու համար»,- ասվում է ՀՀ ոստիկանության կողմից տարածած Օհանյանի հայտարարությունում:
Ինչպես հավաստիացնում է պետը, Ճանապարհային ոստիկանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի շրջանավարտները կարողանան ուրախ տրամադրությամբ ավարտել տոնակատարությունները: Միաժամանակ Օհանյանը զգուշացրեց, որ մայիսի 21-ին ճանապարհային երթևեկության կանոնների ոչ մի խախտում անհետևանք չի մնա:
«Մենք շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին ու մաղթում բարի ճանապարհ և կանաչ լույս»,- ասաց Օհանյանը: -0-