Բյուրականի աստղադիտարանի հիման վրա գիտակրթական կենտրոնի ստեղծումը կարևոր է Հայաստանի և հայկական գիտության համար, հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Ըստ նրա հաշվարկների, կենտրոնի ստեղծման հնգամյա ծրագիրը 500 միլիոն դրամ (մոտ 1,3 միլիոն դոլար) կարժենա, բայց դեռ այդ հարցը չի լուծվում:
«90-ական թվականների կեսերից Բյուրականի աստղադիտարանի հիման վրա ազգային գիտակրթական կենտրոնի ստեղծման նախագիծ ունենք: Մի քանի տարի առաջ մենք կրկին այդ հարցը բարձրացրել ենք: Այսօր մենք շատ հայտեր ենք ստանում Իրանի քաղաքացիներից և արաբական երկրներից, ովքեր ցանկանում են մեր մագիստրատուրայում սովորել՝ PhD ծրագրով և դիսերտացիա պաշտպանել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ կենտրոնը կկարողանա տարեկան մի քանի տասնյակ մարդ ընդունել: Միաժամանակ Հարությունյանն ընդգծեց, որ տարածաշրջանի ծավալով իր գիտական նվաճումների և գիտակրթական միջոցառումների կազմակերպությունների գծով Բյուրականի աստղադիտարանը դեռ իր հավասարը չունի: -0-