ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ աստղաֆիզիկոսների՝ Բյուրականի երրորդ միջազգային ամառային դպրոցը, որը կանցկացվի Հայաստանում սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը, աննախադեպ կլինի մասնակիցների քանակով և աշխարհագրությամբ, հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Մասնակիցների քանակով և աշխարհագրությամբ այս ամառային դպրոցը ամենահարուստն է լինելու: Այն կազմակերպվում է Միջազգային աստղագիտական միության հետ համատեղ և երեք շաբաթ կտևի: Ավելի քան 37 երկրից աննախադեպ քանակի հայտեր են ստացվել 116 հոգուց»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը՝ նշելով, որ դպրոցի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն դասախոսներ Հայաստանից, այլ նաև Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև կժամանի և ուսանողների համար դասախոսությամբ հանդես կգա ՄԱՄ նախագահը:
Ըստ նրա, արդեն ընտրված է 30 մարդ, մասնավորապես՝ երեք մասնակից կժամանի Իրանից և Թուրքիայից, երկու մասնակից՝ Ռուսաստանից և Ուկրաինայից:
Հարությունյանն ընդգծեց, որ ամառային դպրոցը թույլ կտա ներկայացնել հայկական աստղագիտության հնարավորություններն ու պատմությունը: Նա նաև նշեց, որ մարդկային հարաբերությունները, որոնք կձևավորվեն դպրոցի շրջանակներում, վաղ թե ուշ կարևոր դեր կխաղան երիտասարդ գիտնականների համագործակցության մեջ:
Հարությունյանն ասաց, որ ֆինանսական աջակցության համար արդեն դիմել է Գիտության պետական կոմիտեին և Ազգային ակադեմիային: Նա նաև կոչ արեց հայ գործարարներին աջակցել այն նախագծերը, որոնք ուղղված են հայկական գիտության ապագային:-0-