ՀՀ ՌՈ ղեկավարը պարգևատրվել է «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով

14.05.2010, 17:10
ՀՀ ՌՈ ղեկավարը պարգևատրվել է «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով

Նախօրեին ՀՀ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին Հայ Առաքելական Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» բարձր շքանշան է շնորհվել, հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց Կաթողիկոսը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունն ու բազմաթիվ հյուրեր:

ՀՀ. Ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին ուղղված կոնդակում մասնավորապես ասված էր. «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք անխոնջ նվիրումով տասնյակ տարիներ ազնիվ ծառայություն եք մատուցում մեր երկրին ու հարազատ ժողովրդին:

«Հայաստանի անկախությունից հետո Դուք մասնագիտական Ձեր կարողությունները, հարուստ փորձառությունն ու հմտությունները հոգու նվիրումով ի սպաս եք բերում մեր երկրի իրավապահ համակարգի և Հայոց Բանակի կայացմանն ու զորացմանը: Ձեր նախանձախնդիր ու արդյունաշատ ծառայության խոսուն վկայություններն են պետական պարգևներն ու բարձր կոչումները»,- նշվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում:

Կաթողիկոսն ընդգծել է նաև Գասպարյանի՝ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած ծառայությունները:

«Դուք որդիական սիրով գովարժան օժանդակություն եք բերել Գեղարդավանքի, Հաղարծինի, Կեչառիսի վանական համալիրի, Կոտայքի մարզի Ակունք գյուղի Սբ. Կարապետ եկեղեցու նորոգությանն ու բարեզարդմանը՝ Ձեր բարի գործերով օրինակ դառնալով հայորդյաց համար»,- ասվում է ուղերձում:

Նույն օրը գրող-հրապարակախոս Զորի Բալայանին Նորին Սրբության Հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվեց «Ս.Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը` հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությանց համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սուրբ կոնդակում նշվում է, որ Բալայանը կանգնած է եղել Արցախյան հերոսամարտի ակունքներում՝ որպես գաղափարական պայքարի առաջամարտիկ, ոգեշնչելով քաջորդի զավակներին ու մասնակցելով հաղթանակների կայացմանը: 

Ուղերձում նշվում է, որ Բալայանն աննվազ եռանդով շարունակում է իր հայրենական գործունեությունը:

Պատրիարքը նշեց նաև, որ հայտնի գրողը  կյանքի ողջ ընթացքում  դրսևորել է իր հոգու ջերմ սերն ու նվիրումը՝ հանդեպ հայ Եկեղեցուն և հոգևոր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Բացի այդ «Ս. Սահակ Ս. Մեսրոպ» շքանշան է շնորհվել նաև մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանին: -0-