Թուրքիային հայ-թուրքական գործընթացը պետք էր ղարաբաղյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար

14.05.2010, 16:43
Թուրքիային հայ-թուրքական գործընթացը պետք էր ղարաբաղյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար

Թուրքիան փորձում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործել ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծմանը հասնելու նպատակով, կարծում է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի կոորդինատոր, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

«Պետք է հասկանալ, որ Թուրքիան շատ լուրջ հույսեր էր կապում, որ հայ-թուրքական գործընթացը կազդի հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- ուրբաթ Մամուլի ազգային ակումբում ասաց Խաթլամաջյանը:

Ըստ նրա, թուրք փորձագետների և դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ, թուրքական կողմը բազմիցս հայտարարել է Ղարաբաղի հարցում նախապայմանների առկայության մասին:

Ինչպես նշեց Խաթլամաջյանը, թուրքական կողմն ընդունում էր, որ արձանագրությունների տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին հիշեցում չկա, սակայն, բանավոր կերպով հայտնում է նախապայմանների առկայության մասին:

Դրա հետ մեկտեղ, ըստ քաղաքագետի, Հայաստանին ձեռնտու էր արձանագրությունների տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին նախապայմանների բացակայությունը, մինչդեռ Թուրքիան, ըստ նրա, նախապայմանների առկայության մասին պայմանավորվածություններ է ունեցել Ցյուրիխում փաստաթղթերի ստորագրմանը ներկա օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Ղարաբաղյան հարցում Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշման մասին խոսելիս՝ Խաթլամաջյանը նշեց, որ դրանում անբնական ոչինչ չկա, քանի որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է համարվում, երկու պետությունների շահերը շատ դեպքերում են համընկնում:

«Այն ձևաչափում, որով բանակցություններ են անցկացվում, գիտեն, որ Հայաստանը դեմ է բանակցություններում Թուրքիայի մասնակցությանը և նման որոշման պատճառների մասին»,- ընդգծեց նա:

Վերջին ժամանակներում տարբեր ԶԼՄ-ներում ավելի հաճախ է արծարծվում այն մասին, որ Թուրքիան փորձում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալ, որտեղ այժմ ընդգրկված է երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, սակայն պաշտոնական Երևանը կտրականապես դեմ է դրան:
  
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-