Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ ապագայում միջպետական հարաբերությունների հաստատմամբ. թուրքագետ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատմամբ և սահմանի բացմամբ, սակայն կարծում է, որ հետագայում դրանից ավելի մեծ շահ կարող է ունենալ, քան ներկայումս, ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
«Պետք չէ Թուրքիայի դիրքորոշման շուտափույթ փոփոխություններ սպասել, Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների բարելավման գործընթացը նա կառուցում է՝ նկատի առնելով ավելի խոշոր տարածաշրջանային գործընթացները, որոնցից շատ բան է կախված»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Սաֆրաստյանը։
Խոսելով Հայաստանի մասին՝ նա ասաց, որ դիվանագիտական տեսանկյունից բավական հետաքրքիր քայլ արվեց, երբ Հայաստանը նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» և ինքն էլ կանգնեցրեց այդ գործընթացը։
«Մեր դիվանագիտության պատմության մեջ, սա, հավանաբար, առաջին դեպքն է, երբ մենք ինչ-որ բան ենք նախաձեռնել և ինքներս էլ մեր նախաձեռնությամբ դուրս ենք եկել գործընթացից. սա բավականին մեծ գնահատական է ստեղծում Հայաստանի մասին՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակության համատեքստում»,- ասաց նա։
Այս կապակցությամբ թուրքագետն ավելացրեց, որ սովորաբար փոքր պետությունները, բացառությամբ մեկ-երկուսի, չեն մշակում, չեն տանում սեփական դիվանագիտական գիծ ու հետո չեն դադարեցնում այն։ «Հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում աշխարհը հասկանում է, որ մենք որոշելու բան ունենք»,- ասաց Սաֆրաստյանը։ -0-