Շուրջ հազար գլուխ խոզ է ոչնչացվել Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով

13.05.2010, 18:26
Շուրջ հազար գլուխ խոզ է ոչնչացվել Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով
Շուրջ հազար գլուխ խոզ է ոչնչացվել Հայաստանում աֆրիկյան ժանտախտի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աֆրիկյան ժանտախտի տարածման արդյունքում ոչնչացվել և հողի տակ է թաղվել 980 գլուխ խոզ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։

«Այս տարի աֆրիկյան ժանտախտը տարածվել է Տավուշում, Շիրակում և Լոռիում։ Ներկայումս իրավիճակը վերահսկվում է, Տավուշում կարանտին է հայտարարվել, 980 գլուխ խոզ արդեն ոչնչացվել և թաղվել է»,- ասաց Ալավերդյանը։

Աֆրիկյան ժանտախտի բռնկման հետևանքով 2007 թվականին Հայաստանի գյուղատնտեսությունը զգալի վնաս է կրել. սպանվել կամ սատկել է ավելի քան 20 հազար գլուխ խոզ կամ խոզերի ողջ գլխաքանակի 10-11 տոկոսը։

Խոսելով ֆերմերներին տրվելիք փոխհատուցման մասին՝ նախարարը նշեց, որ ներկայումս հաշվարկ է անցկացվում և լուծվում է փոխհատուցման հարցը։

Ալավերդյանի խոսքերով, վերջին 10-15 օրվա ընթացքում հիվանդության զարգացում չի դիտվում։ Նա նշեց, որ աֆրիկյան ժանտախտի դեմ որևէ դեղորայք կամ պատվաստում գոյություն չունի, և պայքարի միակ ձևը հիվանդ կենդանիների սպանդն է ու նրանց հողով ծածկելը։

Աֆրիկյան ժանտախտի՝ Հայաստան ներթափանցման առաջին դեպքն արձանագրվել է 2007 թվականի օգոստոսի 7-ին Տավուշի և Լոռու մարզերում։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։  Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ --0--