Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում որոշում ընդունեց ջրհեղեղից տուժած Տաջիկստանին 100 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու վերաբերյալ։
«Նկատի առնելով, որ ուժեղ ջրհեղեղը հանգեցրել է մարդկային զոհերի, նյութական մեծ վնասների, Հայաստանի կառավարությունը որոշել է Տաջիստանին որպես աջակցություն տրամադրել 100 հազար ԱՄՆ դոլար»,- նշեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստի ընթացքում։
Տաջիկստանում մայիսի 7-ին սկսված ջրհեղեղի և սելավների արդյունքում զոհվել է 40 մարդ։ Աղետի արդյունքում փլուզվել են բնակելի տներ, տասնյակ կառավարական շենքեր և հարյուրավոր կիլոմետր ավտոճանապարհ։ Տաջիկստանի կրած վնասը գնահատվում է 600 մլն դոլար։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնն արդեն օգնություն է խնդրել տարերային աղետի հետևանքները վերացնելու համար։ -0-